2018 թվականի մայիսի 11-14-ը Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի առաջին գեղարվեստի ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ ներկայացան կուրատորներ, պատկերասրահներ, ցուցադրություններ, անցկացվեցին մի շարք երկխոսություններ, պերֆորմանսներ: Armenia Art Fair-ին իրենց ներկայությունը բերեցին արվեստի աշխարհի պրոֆեսիոնալներ, գնորդներ և հանրությունը՝ վայելելու և բացահայտելու Սևծովյան տարածաշրջանի, Կովկասի, Միջին Արևելքի, Միացյալ Թագավորության և այլ երկրների արվեստը:

Լինելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում՝ Armenia Art Fair-ին հաջողվել է  ներգրավել պատկերասրահներ  բազմազան մշակույթներից:

Հայաստանյան պատկերասրահների շարքում ընդգրկված էին դասականները, այդ թվում՝ Ալբերտ և Թովէ Բոյաջյան պատկերասրահը, որը ներկայացրեց Սարո Գալենցի (1946-2017) աշխատանքները, որի նատյուրմորտները համեմատելի են եվրոպական սյուրռեալիստական նկարների հետ:

«Սյուրռեալային» բաղադրիչը նկատելի է Կարոյան պատկերասրահի ցուցադրությունում: Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի մի մասը կազմող պատկերասրահն աշխատում է այն արվեստագետների հետ, ովքեր ստեղծում են պոստմեդիա գաղափարախոսությամբ  ստեղծագործություններ: Սա առավել տեսանելի էր Վահրամ Գալստյանի Instinct & Intelligence աշխատանքում:

Աշխատանքն իրենից ներկայացնում էր գիպսե ծածկոցով երկար սեղան, ծայրերին երկու աթոռներ: Աթոռների դիմաց՝ սեղանի վրա երկու սպիտակ ամաններ էին՝ լցված մի քանի սպիտակ գլուխներով, որոնք լողում էին խորհրդավոր կապույտ հեղուկի մեջ: Արդյունքում աշխատանքը կարծես երկիր էր ընկել ֆանտաստիկ ֆիլմից: Աշխատանքն, անշուշտ, գրավեց ցուցահանդեսի այցելուների մեծամասնությանը:

Առաջին տարում ցուցահանդես-վաճառքին ներկա է գտնվել լիբանանյան Art Residence Aley և Լոնդոնում հիմնված սիրիական Litehouse ցուցասրահը: Դամասկոսի մայրուղու վրա գտնվող  Ալեյ քաղաքի Art Residence Aley-ը բնակավայրային ծրագիր է, որը սիրիացի փախստական արվեստագետներին հնարավորություն է ընձեռում ստեղծագործելու  Լիբանանում: Երևանում Art Residence Aley-ի շրջանակներում ներկայացվել են Ֆարա Ազրակի, Ադել Դավուդի, Հասկո Հասկոյի ստեղծագործությունները՝ կոլաժների, կտավների, լայնածավալ նկարների շարքով, ինչպես նաև արվեստագետները հրավիրվել են Հայաստան ներկա լինելու ցուցահանդես-վաճառքին: Aley նախագծի ընդլայնմամբ լոնդոնյան Litehouse ցուցասրահը ներկայացրեց սիրիացի մի շարք նկարիչների ժամանակակից կտավներ, այդ թվում Հեբա Ալ Ակկադի և Շադի Աբու Սաադայի:

 

 

 

 

 

 

Ներկայացված էին նաև մի շարք կուրատորական տաղավարներ, այդ թվում բելառուսցի Նատա Սոկոլովսկան և Դոկտոր Ռանդալ Ռոդեսի The Figure: Presence and Absence խորագիրը կրող տաղավարը: Սոկոլովսկան ներկայացրեց Օլեգ Կոստուչենկոյի աշխատանքները, որոնք ցնցող էին, հատկապես հում մսի ֆոնի վրա ճոճվող կնոջ վառ կարմիր կտավը (Flashback, կտավ, յուղաներկ, 2016) և Ինքնադիմանկարը, որտեղ նկարիչն իրեն պատկերել է հարմարավետության գոտուց դուրս մղվելիս (Approaching zero – 3, կտավ, յուղաներկ, 2017):

Երիտասարդ հայ արվեստագետների մասնակցությունն ընդգծվում էր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի տաղավարում: Ներկայացված էին նաև մի շարք ծրագրեր, որոնք ներկայացնում են հայկական արվեստը սահմաններից դուրս, այդ թվում՝ KulturDialog Armenian և Progressive Art Agency, արտիստների միջազգային կոլեկտիվը, որոնց ստեղծած արվեստը անցնում է սահմաններ. Վահագ Համալբաշյանի Սուզանավը (կտավ, յուղաներկ, 2016 թ.) կտավում մի քանի կերպարներ հավաքվել են ծովափին պաղպաղակ ուտելու:

Բացի ներկայացված 19 տաղավարները, առանձին հարթակով ներկայացված էր ‘Open Space’-ը, որը հինգ ցուցահանդեսների միջոցով ներկայացրեց երիտասարդ ժամանակակից հայ նկարիչների աշխատանքները: Կուրատոր Եվա Խաչատրյանի գլխավորությամբ արվեստի ցուցահանդես-տոնավաճառի այս հարթակը լույս է սփռում նոր ի հայտ եկող հայ արվեստագետների և մասնագետների վրա, որոնք նորարար են, դինամիկ ու համարձակ: Այս շարքում մասնավորապես ուշագրավ էին Համլետ Հովսեփյանի և Տիգրան Խաչատրյանի ֆիլմերի մի շարք նախագծեր, որոնցում հանդիսատեսը կարողացավ ականատես լինել հայ ավանգարդի հազվադեպ ցուցադրվող ֆիլմերին, ինչպես նաև Գրիգոր Խաչատրյանի աշխատանքին. <<Նրանք, ովքեր սիրում են ինձ, իմ վրա իշխանություն ունեն, ավելի մեծ իշխանություն ունեն նրանք, ում ես եմ սիրում>>:

Armenia Art Fair-ին զուգահեռ և համատեղ Hayp Pop Up Gallery-ին ներկայացրեց The Leather Show-ն: Մերգելյան ինստիտուտում կազմակերպված շոուն ներկայացրեց Նարեկ Բաղդասարյանի աշխատանքները՝  90-ականների փոփ մշակույթով ոգեշնչված մի շարք լայնածավալ աշխատանքներ: Աշխատանքները ներառում են հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստեր, վառ կապույտ և վարդագույն կերպարների վրա, որոնց հագին սպիտակ վերնաշապիկներ և կաշվե բաճկոններ են: Բացման ժամանակ տեղի ունեցավ նորաձևության ներկայացում, որտեղ մի շարք դիզայներներ, ովքեր համագործակցում են նկարչի հետ, ներկայացրեցին իրենց աշխատանքը:

Հաջորդ պերֆորմանսը Transliterative Tease էր: Ցուցահանդեսի բացման ժամանակ տեղի ունեցավ անսպասելի պերֆորմանս, երբ մի խումբ արվեստագետներ քաղաքական հայ գործիչների դիմակներով, այդ թվում` վերջերս մերժված Սերժ Սարգսյանի և նորընտիր Նիկոլ Փաշինյանի, խառնվեցին հյուրերին կարմիր ճամպրուկով, որի վրա հայերեն գրված էր Իշխանություն: Արտիստները հանդիսատեսին հրավիրում էին շփվելու և լուսանկարվելու իրենց հետ՝ Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձություններին հաղորդելով հումորային տարր:

Գերիշխող վիզուալ արվեստի տոնավաճառը համալրեց կլոր սեղան քննարկումը և հարց ու պատասխանն արվեստի ոլորտի մասնագետների և լսարանի միջև: «Տեղաշարժելով արվեստի հեռանկարները տեղականից դեպի գլոբալ»  night owl երկխոսությունը վարեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր դոկտոր Ռանդալ Ռոդեսը, Սուսաննա Գյուլամիրյանը (Արվեստի և մշակույթի ուսումնասիրությունների լաբորատորիայի տնօրեն), գրող և կուրատոր Գեորգ Շոլհամերը և  Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը:

Ընդհանուր առմամբ, դեբյուտային Armenia Art Fair-ը հաջողությամբ ներկայացրեց ոչ միայն Հայաստանի ներսում գտնվող արվեստագետների, կուրատորների և պատկերասրահների տաղանդը, այլև ներգրավեց արվեստագետների տարածաշրջանից դուրս՝ ստեղծելով բազմազան հիմք, որի վրա պետք է կառուցվի  2019 թվականի ցուցահանդես-վաճառքը:

Write A Comment